ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վաչագան Ա.ՍԱՐԳՍՅԱՆ. Ընդդիմություն և իշխանություն

Վաչագան Ա.ՍԱՐԳՍՅԱՆ. Ընդդիմություն և իշխանություն
02.06.2013 | 13:05

Վերջերս քաղաքական գործիչներից ոմանք իրենց խոսքի մեջ որպես ընդդիմություն բառի հականիշ սկսեցին գործածել դիմություն ձևը: Այսպիսի բառ չկա հայերենում և, եթե նույնիսկ լիներ էլ, ապա երբեք չէր լինի ընդդիմություն բառի հականիշը, ինչպես որ դիմադիր-ը ընդդիմադիր-ի հականիշը չէ, այլ հոմանիշն է, նույնիսկ՝ նույնանիշը:

Նախ տեսնենք, թե ինչ կազմություն ունի ընդդիմություն բառը: Պարզ է, որ արմատն է դէմ (երես, կերպարանք) բառը, որ նշանակել է «առարկայի ճակատը, առջևի կողմը, երեսը», ինչպես նաև՝ «անձ, մարդ» (այսօրվա իմաստով՝ դեմք): Սրանից ունենք բազմաթիվ բառեր՝ դիմել (վրան գնալ, ուղղվել), ապադեմ (տգեղ), դիմագրավել, դիմադրել և այլն: Ինչպես գիտենք, ընդ-ը լայն գործածություն ունեցող ածանց է և ցույց է տալիս «տակը, ստորին, ցածր, փոխարեն, հետ, միասին, դեպի, առ» և այլ նշանակություններ: Օրինակ՝ ընդգծել «տակը գծել», ընդդեմ «դեպի, առ դեմը»: Ընդ-ը երբեք չունի «հակառակ, ներհակ» իմաստը: Այսպես, դիմադիր և ընդդիմադիր բառերը նշանակում են «դիմադրող, հակառակորդ»: Այսինքն՝ դիմադիր և ընդդիմադիր գործիչները նույնն են՝ երկուսն էլ դիմադրում են, դեմ են, հակառակ են ընդհանուր գծին: Ընդդեմ բառից առաջացել է ընդդիմություն բառը, որը նշանակում է «ընդդեմ, հակառակ լինելը, հակառակություն, ներհակություն, դիմադրություն»: Իսկ վերջերս ընդդիմություն-ը գործածվում է որպես այն կուսակցությունների, հասարակական-քաղաքական այն ուժերի միախումբը ցույց տվող բառ, որոնք դեմ են, ընդդեմ են, հակառակ են իշխանության վարած քաղաքականությանը, իշխանության կողմը չեն:
Եթե ընդդիմություն բառի առջևից պոկենք ընդ նախածանցը, ապա ստացված դիմություն-ը, արդեն հասկանալի է, ոչ մի կերպ չի կարող արտահայտել «մի բանի տրամադիր, մի բանի կողմը հակված» իմաստ, այլ դարձյալ կնշանակի այն, ինչ ընդդիմություն-ը: Հայերենում որևէ բանի կողմ լինելու իմաստն արտահայտելու համար ունենք բազմաթիվ այլ բառեր. հակամետ, համամիտ, համախոհ, գաղափարակից, ընդմիտ և այլն:
Ընդմիտել նշանակում է «մի բանի տրամադրվել, մի բանի կողմը միտվել, մտադրվել»: Այսինքն՝ ընդդեմ բառի հակառակ իմաստն է ցույց տալիս. ընդդեմ գործիչներ և ընդմիտ գործիչներ, այսինքն՝ դեմ գործիչներ և կողմ գործիչներ, ընդդիմություն և նրա հակառակը՝ ընդմիտություն: Հնարավոր են նաև այսպիսի տարբերակներ. իշխանախոհ, իշխանաբան, իշխանադաշն, իշխանադաշնություն, կամ, պարզապես, իշխանությանը կողմ: Ընդդիմությունը և իշխանադաշնությունը կամ ընդմիտությունը միավորվում են, երբ հայրենիքը վտանգի մեջ է լինում:
Ամփոփելով՝ ասենք, որ երբեք չի կարելի ասել ընդդիմություն և դիմություն՝ «իրար հակառակ ուժեր» իմաստով: Առաջարկում ենք, եթե այդքան դրա հարկը լինում է, գործածել ընդմիտություն, իշխանադաշնություն բառերից մեկն ու մեկը, կամ, պարզապես, իշխանության կողմնակիցներ`կամ պարզապես` իշխանություն:

Դիտվել է՝ 3930

Մեկնաբանություններ